ԵԽ կոնգրեսը Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Երևանում կայանալիք ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի։ Պատվիրակության անդամները տարբեր երկրներից են՝ Բելգիայից, Դանիայից, Հունգարիայից, Վրաստանից, Շվեդիայից, Սերբիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից։
Կառլա Դեժոնգեի գլխավորած 9 հոգանոց պատվիրակությունը Երևանի 12 ընտրատարածքում դիտորդական առաքելություն կիրականացնի սեպտեմբերի 15-ից 18-ը։
Ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 17-ին, Կոնգրեսի յոթ թիմ պատահականության սկզբունքով կտեղակայվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին հետևելու համար:
Նախքան ընտրությունների օրը Կառլա Դեժոնգեի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Տարածքային կառավարման նախարարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։Պատվիրակությունը նաև մտքերի փոխանակում կանցկացնի այս ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ։
Բացի այդ, հանդիպումներ կլինեն Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունը Կոնգրեսի կայքում նախնական եզրակացությունների շուրջ հայտարարություն կհրապարակի 2023 թ․ սեպտեմբերի 18-ին:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան այս կիրակի՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։
Կարծիքներ