Հավասարակշռություն՝ «բաց լինելու» և «անվտանգության» սկզբունքների միջև. քննարկում գիտահետազոտական անվտանգության թեմայով

Հավասարակշռություն՝ «բաց լինելու» և «անվտանգության» սկզբունքների միջև. քննարկում գիտահետազոտական անվտանգության թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Գիտահետազոտական անվտանգությունը և համալիր ուսումնասիրությունները («Due Diligence») ակադեմիական շրջանակներում» խորագրով աշխատաժողովին։

Աշխատաժողովը նվիրված էր գիտահետազոտական անվտանգության խնդիրներին, այդ թվում՝ մտավոր սեփականության պաշտպանության և տեխնոլոգիաների հարկադրված փոխանցման հարցերին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ քննարկման թեման արդիական է բուհերի և գիտահետազոտական հաստատությունների համար ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Հայաստանում:

«Գիտահետազոտական անվտանգությունը ներկայում բախվում է մի շարք նոր մարտահրավերների և ռիսկերի՝ կիբերհարձակումներից մինչև մտավոր սեփականության պաշտպանություն: Բուհերը և գիտահետազոտական հաստատությունները կենսական դեր են խաղում նորարարության և առաջընթացի խթանման գործում, իսկ տեխնոլոգիաների փոխանցումը նորարարական էկոհամակարգի կարևոր բաղադրիչն է դարձել: Այն հնարավորություն է տալիս գիտական հետազոտությունները վերափոխելու առևտրային ապրանքների և ծառայությունների՝ խթանելով տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը: Այնուամենայնիվ, տեխնոլոգիաների փոխանցումը նաև նոր ռիսկեր է ստեղծում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մտավոր սեփականության և զգայուն տեղեկատվության պաշտպանությանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ բուհերը և գիտահետազոտական հաստատությունները պետք է օր առաջ պատրաստ և ունակ լինեն՝ բարելավելու մտավոր սեփականության անվտանգությունը, հատկապես տեխնոլոգիաների փոխանցման գործընթացում. «Այս ամենը պահանջում է զգուշավոր հավասարակշռություն՝ «բաց լինելու» և «անվտանգության» սկզբունքների միջև, քանի որ նպատակը պետք է լինի խթանել համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը գիտահետազոտական գործընթացում՝ միաժամանակ պաշտպանելով մտավոր սեփականությունը: Այս հավասարակշռությանը հասնելու համար գիտահետազոտական հաստատությունները պետք է առաջնահերթություն տան հետազոտության անվտանգությանը, որը ենթադրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ բուհերում և գիտահետազոտական հաստատություններում մտավոր սեփականությունը պաշտպանելու հստակ քաղաքականության և ընթացակարգերի սահմանում, տվյալների անվտանգության կայուն միջոցառումների իրականացում, էթիկական և իրավական նորմերին համապատասխանեցում»:

Ամփոփելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել աշխատաժողովի կազմակերպիչներին և հույս հայտնել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, իսկ ԿԳՄՍ նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արդյունավետ աշխատանքի և համարժեք արդյունքների ձեռքբերման գործում։

Նշենք, որ «Գիտահետազոտական անվտանգությունը և համալիր ուսումնասիրությունները («Due Diligence») ակադեմիական շրջանակներում» խորագրով աշխատաժողովը կազմակերպվել էր ԱՄՆ պետական դեպարտամենտի աջակցությամբ Գլոբալ անվտանգության և համագործակցության կենտրոնի («Sandia» ազգային լաբորատորիաներ կազմակերպություն, ԱՄՆ) և «Մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամի (Հայաստան) հետ համագործակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում