Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասները ուշադրության կենտրոնում են. ՇՄ նախարարություն
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
«Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանաձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Տարվում են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացվում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ։
Ըստ նախարարության, արձանագրված յուրաքանչյուր դեպք ունի ուրույն պատճառներ, և խնդրի լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող։
Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։
Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Կարծիքներ