Ձեր երկրի աջակցությունը փաստում է, որ ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանը միայնակ չէ. Փաշինյանը՝ Լյուքսեմբուրգի վարչապետին

Ձեր երկրի աջակցությունը փաստում է, որ ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանը միայնակ չէ. Փաշինյանը՝ Լյուքսեմբուրգի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավիե Բետելին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ։

Մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակի վրա՝ լավագույնս հիմք ծառայելով համագործակցության ուղղությունների առավել ընդլայնման և ամրապնդման համար։

Պետությունների բարեկամությունն ամրանում է՝ ժամանակի արհավիրքներին դիմակայելով։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը բազմիցս վերահաստատել է, որ հանդիսանում է Հայաստանի բարեկամը՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից և աշխարհաքաղաքական իրողություններից։ Պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ձեր երկրի սկզբունքային աջակցությունը վերստին փաստում է, որ ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանը միայնակ չէ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կամրապնդենք Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունը և միջազգային հարթակներում փոխգործակցությամբ կնպաստենք մեր երկրների կայուն զարգացմանը։

Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում