Երևանում կանցկացվի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։
Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։
Պենդերեցկու անվան փառատոնը հայ երաժշտասերներին կներկայացնի համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությունը և դասական երաժշտության մերօրյա լեգենդներին։ Ամենամյա փառատոնը ներառում է 4 համերգային երեկո, որտեղ ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։
Ժամանակակից դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու ոչ միայն Պենդերեցկու, այլև Յոաննա Վնուկի, Ակիրա Նիշիմուրայի, Քրիստոֆ Բերտրանի, Կլաուս-Շտեֆեն Մանկոպֆի, Ջոն Քեյջի, Գալինա Ուստվոլսկայայի, Ջոնաթան Հարվիի, Վալենտին Սիլվեստրովի, Ալեքսեյ Շորի, Լերա Աուերբախի, Քրիստոֆեր Մուսկատի, Էրիկ Ուիթաքրի, Արվո Պյարտի ստեղծագործությունները։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների երկեր՝ Էլեն Յոլչյանի «Սինան» և Տիգրան Մանսուրյանի «Գիշերային սերենադը»։
Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի մենակատարներ՝ ֆլեյտահար Նոյեմի Գյորին, դաշնակահարներ Միրոսլավ Կուլտիշևը, Հայկ Մելիքյանը։ Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա նաև մենահամերգով։ Փառատոնային համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Միշել Թիլկինը։
Կարծիքներ