ՀՀ-ն բարձր է գնահատում ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում Մակրոնի դերակատարությունը. փոխվարչապետ

ՀՀ-ն բարձր է գնահատում ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում Մակրոնի դերակատարությունը. փոխվարչապետ

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորեց Ֆրանսիայի կառավարությանը, դեսպանին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:

«1789 թվականի հուլիսի 14-ին ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության վեհ գաղափարների շուրջ՝ ժամանակակից աշխարհի համար ուրվագծեցին հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ուղին։
Համընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերն առանցքային նշանակություն են ունեցել մեր միջպետական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման համար»,-ասաց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ երկու երկրներին հաջողվել է բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն ձևավորել բոլոր բնագավառներում: Փոխվարչապետը նաև նշեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն ունենալով` Ֆրանսիան նշանակալի դեր է ստանձնել հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր Ֆրանսիայի բարեկամական հողում ապաստան են գտել և արժանապատիվ կյանքի հնարավորություն ձեռք բերել:
«Բարձր ենք գնահատում բարեկամ՝ նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում: Ցավով պետք է տեղեկացնեմ, որ չնայած տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է»,- նշեց Գրիգորյանը:
Փոխվարչապետը նաև  ՀՀ կառավարության անունից շնորհակալություն  հայտնեց Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտող Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման ու խորացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթեց հաջողություններ՝ վստահեցնելով, որ նա միշտ կմնա հայերի բարեկամը: Նա, կրկին շնորհավորելով Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, բարեկամ Ֆանսիային և ֆրանսիացիաներին մաղթեց բարօրություն, իսկ հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ հարատևություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում