Ցանկանում եմ աճ տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում. նախկին կոնգրեսական Ջեքի Սփիեր
Միացյալ Նահանգների նախկին կոնգրեսական Ջեքի Սփիերը, խոսելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին, ցանկություն է հայտնել ավելի մեծ աճ տեսնել հայ-ամերիկյան հարաբերություններում։
Ջեքի Սփիերն այս մասին նշեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ սփյուռքում ապրող հայերը պարտավոր են արտերկրում լինել Հայաստանի պահապան հրեշտակները։
Բնութագրելով Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացումը և կարևորելով նման միջոցառումների իրականացումը հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների ու կապերի տեսանկյունից՝ նախկին կոնգրեսականը նկատեց.
«Կարծում եմ՝ գագաթնաժողովը միանշանակ վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Նկատի ունեմ, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան այստեղ՝ Հայաստանում: Մենք բոլորս պարտավոր ենք սփյուռքում լինել այս երկրի պահապան հրեշտակները, եթե մենք պատրաստվում ենք Հայաստանը պահել որպես անկախ, ժողովրդավարական երկիր: Իմ կարծիքով՝ նմանատիպ ծրագրերը կարևոր են, քանի որ Հայաստանն այն երկիրն է, որը ելք չունի դեպի ծով և գտնվում է ոչ հարմարավետ հարևանության մեջ: Միացյալ Նահանգների տեսանկյունից՝ ցանկանում ենք ողջունել Հայաստանի ժողովրդավարությունը, թավշյա հեղափոխությունը, ցանկանում ենք ողջունել երկրի՝ դեպի Արևմուտք, դեպի Եվրամիության հետ համագործակցություն հաստատելու ձգտումը: Ես ցանկանում եմ աճ տեսնել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններում: Եվ նման իրադարձությունները մեզ օգնում են զարգացնել հարաբերություններն ու գաղափարները՝ համոզվելու համար, որ դա կարող է տեղի ունենալ»:
Ջեքի Սփիերը, գնահատելով Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների աննախադեպ զարգացումը և դրանց ներկա մակարդակը, հիշեցրեց, որ 15 տարիների ընթացքում, երբ ինքը հանդիսացել է Կոնգրեսի անդամ, հայ-ամերիկյան հարաբերությունները երկար ժամանակ եղել են շատ ջերմ:
«Մեզ հաջողվեց հասնել Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, մի բան, որը շրջանառության մեջ էր այնտեղ 30 տարի: Եվ դժկամություն կար այն ընդունելու և նախագահի կողմից ստորագրելու առումով՝ վախենալով Թուրքիայի հատուցումից։ Այսպիսով, վերջապես, մենք դա արեցինք», - մանրամասնեց Ջեքի Սփիերը՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ առումով ուժեղ է գտնվել և շատ պատրաստակամ է եղել այդ նախագծի առաջմղման գործում:
Նախկին կոնգրեսականը նաև ընդգծեց, որ դրանից բացի ցանկացել է ավելացնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող արտաքին օգնությունը։
«Անցած տարվա ընթացքում այդ օգնությունը կրկնապատկել ենք՝ հասցնելով 40 միլիոն դոլարի։ Եվ հիմա, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիայի և Արցախի կորստի ու դրա հետևանքով ավելի քան 100,000 արցախահայերի՝ Հայաստան տեղափոխվելը՝ մեզ համար կարևոր է նրանց ինտեգրման ծառայություններ մատուցելը, բնակարանային օգնությունը, մասնագիտական ուսուցումը, որոնք, կարծում եմ՝ կարևոր են լինելու տեղահանված հայ համայնքի համար, ինչպես նաև Հայաստանի հետ մեր հարաբերությունները կառուցելու համար», - իր խոսքում ասաց Սփիերը:
Անդրադառնալով հարցին, թե ինքը որևէ հնարավորություն տեսնո՞ւմ է արդյոք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք՝ ԱՄՆ նախկին կոնգրեսականը շեշտեց.
«Երբեք մի ասա երբեք: Սակայն, կարծում եմ, որ խաղաղության համաձայնագիրը կունենա տարրեր, որոնք կխոսեն այդ խնդրի մասին։ Կարծում եմ, որ այստեղ՝ Հայաստանում, նոր կյանք ստեղծելն առաջ շարժվելու լավագույն ճանապարհն է: Մեկնաբանություններից մեկը, որ ես այսօր կրկին ու կրկին արել եմ այս մասին, այն է, որ դադարենք հետ նայել և սկսենք նայել առաջ: Շատ կարևոր է առաջ շարժվելը»:
Կարծիքներ