Լուկաշենկոն խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին չշտապել և չընդունել հապճեպ որոշումներ

Լուկաշենկոն խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին չշտապել և չընդունել հապճեպ որոշումներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։

Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, հայտնում է БЕЛТА-ն։

«Ինչպես գիտեք, նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ղեկավարը հրաժարվում է ինտեգրացիոն միջոցառումներին մասնակցելուց։ Օրինակ, հոկտեմբերին նա բաց թողեց ԱՊՀ գագաթնաժողովը Բիշքեկում»,-ասել է Էյսմոնտը:

Նա հավելել է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հասկանում է՝ մասնակցել-չմասնակցելու որոշումը ցանկացած պետության ղեկավարի գործն է։

Ըստ Էյսմոնտի՝ հրավերն ուղարկվել է ինչպես Հայաստանի վարչապետին, այնպես էլ մյուս պետությունների ղեկավարներին։ 

«Նախագահը, ելնելով իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից, Հայաստանի վարչապետին հրավիրել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել այն հաջորդ քայլերը, որոնք կարող են ուղղված լինել դեինտեգրացիային»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում