Աննա Հակոբյանին Ներքին Բազմաբերդ համայնքում հյուրընկալել է Սարգսյանների բազմազավակ ընտանիքը
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցն ավարտել է Ներքին Բազմաբերդ համայնքում։ Ինչպես տեղեկացրին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Արագածոտնի մարզպետի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը այցելել է Սարգսյանների բազմազավակ ընտանիք՝ հետաքրքրվել երեխաների առողջությամբ ու ընտանիքի սոցիալական վիճակով։
«Երեք ամիս առաջ ընտանիքում եռյակի ծննդով երեխաների թիվը դարձավ վեց», – ժպիտով վարչապետի տիկնոջն է հայտնել Լուսինե Սարգսյանը՝ հավելելով, որ վեց երեխաների հետ ապրում են անապահով պայմաններում։
«Երջանիկ ընտանիք եք, եռյակի ծննդով ամենամեծ պարգևը Աստված շնորհել է»,- նշել է տիկին Հակոբյանը։
Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը ծանոթացել է ընտանիքի կենցաղային պայմաններին, հետաքրքրվել, թե ինչ պետական աջակցություն են ստանում։ «Տիկին Լուսինեն փոխանցել է, որ եռյակի ծննդով պայմանավորված 4.5 մլն միանվագ աջակցություն են ստացել և այժմ էլ ամսական նպաստի չափը կազմում է 150 հազար դրամ, նշելով սակայն, որ բազմազավակ ընտանիքի հոգսերը շարունակում են մնալ ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Աննա Հակոբյանը զրուցել է դպրոցահասակ երեխաների հետ, հորդորել լավ կրթություն ստանալ։
Կարծիքներ