Հայաստանը Ստրասբուրգում կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ մարտի 20-ին Ստրասբուրգում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ տիկին Շիոֆրա Օ՛Լիրին, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեսպաններ, ՄԻԵԴ դատավորները և այլ հրավիրյալներ։
«Ներկաներին ուղղված բացման խոսքում Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության չորս տարիների ընթացքում Հայաստանը մեծ եռանդով կյանքի է կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման և վճռական է այս ուղղությամբ ջանքերը շարունակելու հարցում։ Դեսպան Արման Խաչատրյանն ընգծել է նաև ԵԽ և ՖՄԿ միջև համագործակցության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը կյանքի կոչելու հարցում Հայաստանի կողմից տարվող աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ողջունելով միջոցառման պատվավոր հյուր, ՄԻԵԴ նախագահ, տիկին Շիոֆրա Օ՛Լիրիին՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը վերահաստել է Հայաստանի աջակցությունը ՄԻԵԴ գործունեությանը և վերջինիս աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագահ Օ՛Լիրիի ջանքերին:
Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիին, Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը և Ֆրանսիայի դատավոր Մատիաս Գիմառը։
Կարծիքներ