Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը. Արա Այվազյանի պատասխանը՝ Էրդողանին

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը. Արա Այվազյանի պատասխանը՝ Էրդողանին

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԽՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԸ

Լիտվան առաջին երկիրն է, որի հետ նորանկախ Հայաստանն իր առաջին դիվանագիտական հարաբերություններն է հաստատել՝ գործընկերոջը դիմավորելիս շեշտում է արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Մեր երկիրն ու ժողովուրդը բարձր են գնահատում ցեղասպանության հանցագործության կանխարգելման օրակարգում Վիլնյուսի կարևոր ներդրումը, վստահեցնում է Այվազյանը, հավելում՝ Երևանին անհնագստացնում է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացնող երկրի անմիջական մասնակցությամբ այսօր Ադրբեջանում շարունակվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները՝ չնայած միջազգային հանրության ջանքերին:

Արա Այվազյան (ԱԳ նախարարի պաշտոնակատար) - Մինչև օրս լիարժեք լուծում չեն ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, առաջին հերթին` ռազմագերիների և պատանդների կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը: Հայաստանը, անշուշտ, Արցախի մեր եղբայրների և քույրերի կողքին է` Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում, սակայն այստեղ մենք նաև միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք: 

ԵՄ-Ն ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ԽՈՐ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՀՀ ԱՋԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Պատերազմի հետևանքների վերացման ու հայ ռազմագերիներին Ադրբեջանից անհապաղ վերադարձնելու մասին Լիտվայի արտգործնախարարը կրկնում է ԵՄ-ի դիրքորոշումը:

Գաբրիելյուս Լանդսբերգիս (Լիտվայի ԱԳ նախարար) - Եվրամիությունը ներկայացրել է բավականին հստակ դիրքորոշում. եթե պլանավորում ենք փոխվստահությանն ուղղված որևէ գործունեություն, բոլոր պատանդներն ու գերիները պետք է վերադարձվեն: Վստահ եմ՝ Եվրոպան կարող է ավելի խոր ներգրավված լինել Հայաստանին աջակցելու գործում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ ԵԱՏՄ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՉԿԱ

Առաջիկայում սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասին. լրատվամիջոցները հայտնել էին, թե քննարկվում է ապրիլի 29-ի նիստին Ադրբեջանի մասնակցությունը: Լրագրողների հարցին արտաքին գերատեսչության պատասխանը հստակ է.

Արա Այվազյան - Որևէ կոնսենսուս չկա ձեր նշած երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը: Այսքանով սահմանափակվեմ...

Իսկ իրատեսակա՞ն է Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, ինչպես հավատացրել էր ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքին գրած նամակում.

Արա Այվազյան - Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը:

Իսկ խոսքերով ու գործերով վստահելի բարեկամ Լիտվայի հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների օրակարգում են Հայաստան-ԵՄ գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացումը, Լիտվայի հետ գործակցությունը խորացնելու ցանկությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում