Աշտարակի ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք, հայտնաբերել մեթամֆետամին ու մարիխուանա
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Սվաճյան փողոցի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ իր բնակարանում իրացնում է թմրամիջոց: Թմրաշրջանառության շղթան ամբողջովին բացահայտելու նպատակով նրանք համագործակցեցին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցից իրավապահները բերման ենթարկեցին երեք երևանցու: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սպիտակ, բյուրեղանման զանգվածով փաթեթներ: Ըստ խուզարկվողի` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:
Նույն օրը, դարձյալ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Րաֆֆու փողոցից Աշտարակի բաժին բերման ենթարկվեց մեկ այլ երևանցի` իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող զանգված: Մեքենայատիրոջ հայտնելով` այն մարիխուանա է: Ավելի ուշ, այս անգամ թմրամիջոց իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Սվաճյան փողոցից բերման ենթարկվեցին երկու հոգի, որոնցից մեկը հենց 43-ամյա տղամարդն էր: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հենց նա էր իրացրել կրիստալն ու մարիխուանան: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածներ ու էլեկտրական կշեռք:
43-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին: Նա ձերբակալվել է:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ