Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։ Դիտարկվել են համագործակցության հետագա զարգացման ներուժ ունեցող հիմնական ոլորտները։
Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում առկա հեռանկարները։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Նիդերլանդները ՀՀ համար հանդիսանում է կարևոր գործընկեր ԵՄ հետ փոխգործակցության հետագա առաջմղման հարցում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Կարծիքներ