Ծառուկյանի առաջարկը մեծ աժիոտաժ է առաջացրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացրել ենք, որ արդեն պատրաստ է ԲՀԿ նախընտրական ծրագիրը, որը, մեր տեղեկություններով, անձամբ կազմել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Եվ ահա, նախօրեին Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել ծրագրի նախնական տարբերակի դրույթներից մի քանիսը, որոնք վերաբերում են ուսանողներին եւ երիտասարդներին:
Հանդիպման ժամանակ մասնավորաբար խոսվել է ուսման վարձերի մասին, որն այսօր մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկն է: Ծառուկյանն ասել է, որ իրենց ծրագրով նախատեսվում է այնպիսի համակարգ, որը գործում է եվրոպական մի շարք երկրներում, երբ պետությունը պայմանագիր է կնքում ուսանողի հետ, ապահովում է վերջինիս կրթությունը, ապա եւ աշխատանքը, իսկ ուսանողն ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում կմարի այդ պարտքը: Սա հնարավորություն կտա, որ սոցիալական վիճակի պատճառով որեւէ մեկը չզրկվի կրթությունից, մյուս կողմից՝ մարդիկ ստիպված չեն լինի բարձր տոկոսներով վարկեր ձեւակերպել ուսման վարձը վճարելու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն ներկայիս ուսանողների ու նրանց ծնողների, այլեւ նրանց շրջանում, որոնց զավակները առաջիկա տարիներին ուսանող են դառնալու:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու։ Իսկ թե ինչ անակնկալներ` այս պահին հրաժարվում են բացել փակագծերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ