ԱԺ-ում քննարկել են ՀՀ-ի կողմից ԼՂ-ին տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետությունը

ԱԺ-ում քննարկել են ՀՀ-ի կողմից ԼՂ-ին տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետությունը

Երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են 2024թ պետական բյուջեի ծրագրերը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր էջում հայտնել է, որ առանձնահատուկ կարևորել է ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրվող գումարների նպատակային և արդյունավետ օգտագործման հարցը։

Մասնավորապես, ըստ Պապոյանի, ՀՀ քաղաքացիները (հարկատուները) պետք է վստահ լինեն, որ տրամադրվող գումարները ամբողջապես ծառայում են նպատակին, այն է՝ Լեռնային Ղարաբաղի և ողջ նրա բնակիչների կարիքների լուծման համար։

«Ցավոք սրտի, հատկապես Լեռնային Ղարաբաղում վերջին կոռուպցիոն բացահայտումների ֆոնին, մեր քաղաքացիների մոտ առաջացել են մտահոգություններ՝ կապված տրամադրվող գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման հետ։ Այս առումով խնդրել եմ ՀՀ ֆինանսերի նախարարին մշակել համապատասխան կառուցակարգեր՝ դրանք վերահսկելու համար: Այդ կառուցակարգերում պետք է հստակ նշվեն, թե ինչի համար եւ որտեղ են ծախսվում այդ գումարները:

Կարծում եմ ՀՀ Ազգային ժողովը ևս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի այդ ծախսերի արդյունավետությանը և նպատակայնությանը: Առաջիկայում թերևս անհրաժեշտ կլինի պահանջել որոշակի փաստաթղթեր դրա հետ կապված»,-գրել է Պապոյանը:

Նա նաև նշել է, որ 2022 թվականի համար պլանավորված է եղել հատկացնել 144 մլրդ դրամ, սակայն իրականում տրամադրվել է 176 մլրդ դրամ: Ավելացման մի մասը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերները խնդրել են 2023 թվականի համար նախատեսված 144 մլրդ-ից 12 մլրդ-ը տրամադրել 2022 թվականի դեկտեմբերին եւ նրանց խնդրանքը կատարվել է: Այդ պատճառով 2023 թվականի համար նախատեսված միջպետական վարկը դարձել է 132 մլրդ: Լեռնային Ղարաբաղի Կառավարության խնդրանքով և ՀՀ Կառավարության որոշումով արդեն իսկ այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է հավելյալ 20.4 մլրդ դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում