ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր
Ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վիլիամ Լայթինենի գլխավորած պատվիրակությունը: ՀԱԷԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ հյուրերը նախ տեխնիկական շրջայց են կատարել կայանի տարածքում՝ ծանոթանալու ամերիկյան կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքներին:
Թիվ 2 էներգաբլոկի վերաթողարկումից հետո մինչ օրս ՀԱԷԿ-ում բազմաթիվ նախագծեր են իրագործվել ԱՄՆ աջակցությամբ թե՛ ֆիզպաշտպանության համակարգի, և թե՛ անվտանգ շահագործման համար պատասխանատու այլ համակարգերի արդիականացման ուղղությամբ:
Առանցքային նախագծերից մեկը լայնամասշտաբ վարժասարքի ներդրման նախագիծն է, որի շրջանակներում ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ 2019 թվականից ՀԱԷԿ-ում իրականացվում են վարժասարքի ծրագրային ապահովման և նոր մոդելների մշակման աշխատանքներ՝ Western Services Corporation (WSC) ընկերության, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ Ներկայումս իրականացվում է մոդելների փորձարկման և կարգաբերման փուլը, որից հետո նախատեսվում են վարժասարքի նախագործարանային փորձարկման աշխատանքները։
Հաջորդիվ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքություն ներկայացնող ոլորտային հարցեր: «Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության հետևողական ջանքերն ատոմակայանի անվտանգ շահագործման հարցում։ Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է Հայաստանին՝ կայանի անվտանգ, կայուն և hուսալի շահագործման ապահովման հարցում»,- ընդգծել է փոխդեսպան Վիլիամ Լայթինենը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին համակողմանի համագործակցության համար՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրագործել կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված նոր ծրագրեր և նախագծեր:
Կարծիքներ