Վեճ ու մարմնական վնասվածքներ. պատճառը սեռական հայհոյանքներ տալն է եղել. հանել էր հրացանը, ուղղել դիմացինի վրա
Դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» և «գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել երկու տղամարդ։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 16.30-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում, սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար, 33-ամյա տղամարդը վիճել էր հիվանդանոց տեղափոխված 47-ամյա համագյուղացու հետ։
Հեռանալով վիճաբանության վայրից՝ 47-ամյա տղամարդն իր «ՎԱԶ-21010»-ով գյուղի Պուշկինի և Կոստանի փողոցների խաչմերուկում բախվել էր 33-ամյա տղամարդու 25-ամյա եղբոր վարած «ՈւԱԶ» ավտոմեքենային։ Տղամարդիկ ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել իրար, որի ընթացքում «ՎԱԶ-21010»-ի վարորդը մեքենայից հանել էր որսորդական հրացանը և ուղղել 25-ամյա տղամարդուն։ Նա էլ խլել էր հրացանը և խզակոթով խփել 47-ամյա տղամարդու գլխին: Վնասվածքներ ստացած մյուս տղամարդը փորձել էր հանդարտեցնել կողմերին:
25 և 33 տարեկան եղբայրները բերման են ենթարկվել Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Կատարվում է քննություն։
Կարծիքներ