Լրագրո՞ղ, թե՞ սադրիչ․ ինչու են ընդդիմադիր ԶԼՄ-ները թիրախավորել ՊՊԾ պետին ու ոստիկանությանը․ տեսանյութ

Լրագրո՞ղ, թե՞ սադրիչ․ ինչու են ընդդիմադիր ԶԼՄ-ները թիրախավորել ՊՊԾ պետին ու ոստիկանությանը․ տեսանյութ

Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, երբ երեկ ընդդիմությունը փորձում էր փողոց փակել, և ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ էր առաջացել, «Մեդիահաբ» լրատվականի լրագրողն աղմկելով մոտենում է հեռախոսով խոսող ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին և հարցնում․ «Ձեզ բավարարո՞ւմ է այս վիճակը»։ Այնուհետև, լրագրողը փորձում է միկրոֆոնը մոտեցնել ՊՊԾ պետին, երբ նա դեռ հեռախոսով խոսում է, ինչից հետո սկսվում է քաշքշուկ ՊՊԾ-ի պետի, ՊՊԾ աշխատակիցների և «Մեդիահաբ»-ի լրագրողի և օպերատորի միջև։ Նշենք նաև, որ երբ ՊՊԾ աշխատակիցն արգելում է օպերատորին մոտենալ ու փորձել կրկին նկարել հեռախոսով խոսող Սարգիս Հովհաննիսյանին, օպերատորը սկսում է «արա»-ով խոսել, ինչն էլ ավելի է թեժացնում լարված իրավիճակը։ Այս մասին civic.am-ը։

Ցավալի է, որ լրագրող աշխատող մարդը տեղյակ չէ, ՊՊԾ պետը քաղաքական գործիչ չէ և ի պաշտոնե իրավունք չունի գնահատականներ կամ մեկնաբանություններ տալ բողոքի ակցիաների մասին, երկրորդ՝ տարրական էթիկան, այդ թվում՝ լրագրողական, պարտադրում է, որ երբ որևէ մեկը հեռախոսով խոսում է, չի կարելի միկրոֆոնը մտցնել մարդու բերանը կամ մոտենալ ու փորձել լսել, կամ նկարել որևէ մեկի հեռախոսազրույցը։ Միջադեպից հետո «Մեդիահաբ»-ը, որի անունն ի դեպ կապվում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ հայտարարեց, թե ՊՊԾ պետը խոչընդոտել է իրենց աշխատանքը։

Նկատենք սակայն, որ սույն կայքը և սույն միջադեպի մասնակից օպերատորը թիրախավորել են ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, քանի որ նույն օպերատորի և ՊՊԾ պետի միջև նմանատիպ մի միջադեպ էլ տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան, անկախության միջոցառման ժամանակ, երբ նույն օպերատորը միացնում է տեսախցիկի լույսերը, դրանք ուղղում հրապարակում կանգնած ՊՊԾ պետի ուղղությամբ, և երբ նա ասում է որ աչքերի մեջ լույսը չգցի, օպերատորը կրկին սկսում է աղմկել, և կրկին միջադեպ է սկսվում ՊՊԾ պետի և օպերատորի միջև։

Համադրելով նույն օպերատորի և ՊՊԾ պետի մասնակցությամբ երկու միջադեպերը, նկատում ենք, որ ՊՊԾ պետը երկու դեպքում էլ հանգիստ կանգնած է, իսկ սադրանքը սկսվում է լրատվականի աշխատակիցների կողմից։

ՊՊԾ պետին իհարկե որոշ ԶԼՄ-ներ նոր չէ, որ թիրախավորել են։ 2020 թվականի նոյեբերիի 10-ին, երբ ընդդիմադիր հրոսակախմբերը հարձակվել էին պետական պահպանության տակ գտնվող շենքերի վրա՝ առիթից օգտվելով, որ ՊՊԾ աշխատակիցներից շատերը դեռ սահմանում են, ՊՊԾ պետը շատ արագ կարողացավ վերականգնել և ուժեղացնել վերոնշյալ շենքերի անվտանգությունը և դա բնականաբար դուր  չեկավ ռևանշիստներին և նրանց սպասարկող լրագրողներին, և սկսվեց ՊՊԾ պետի դեմ արշավն ու նրա շուրջ սադրանքները։ Հիշեցնեմ, որ պատերազմից հետո ընդդիմադիրներից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները իշխանության ներկայացուցիչներին ֆիզիկապես վերացնելու ուղիղ կոչեր էին անում, իսկ «Հոկտեմբերի 27» տեսած երկրում, անմիջապես պետք էր ուժեղացնել պետական պահպանության ծառայությունը։ Ահա և ամենամեծ պատճառը՝ Սարգիս Հովհաննիսյանին թիրախավորելու համար։ 

Այս համատեքստում հիշեցնենք, որ երեկ մի միջադեպ էլ տեղի է ունեցել ոստիկանների և դաշնակցության խոսափող հանդիսացող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողուհու միջև, երբ վերջինս ոստիկանին ասում  է․ «Մյուս անգամ իմ առջև կանգնեցիր՝ կսատկացնեմ»։

2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ երկրում վերջապես վերականգնվեց խոսքի ազատությունը, որոշ լրագրողներ ու ԶԼՄ-ներ այդ ազատությունը շփոթել են տեռոր անելու հետ, մասնավորապես, նրանք այնքան են ոգևորվել, որ արդեն սկսել են սպառնալ ու սադրել իրավապահներին։ 

Ուզում եմ հիշեցնել սակայն, որ խոսքի ազատությունն ու լրագրողական գործունեության իրականացումը չի ենթադրում դա անել այլոց իրավունքները խախտելով ու սահմանափակելով՝ քոնը որպես գերակա ի ցույց դնելով։

Մեծագույն ցավ է՝ տեսնել ընդդիմադիր քաղաքական ուժերին սպասարկող որոշ լրագրողների պահվածքը, երբ բազմաթիվ լրագրողներ քոչարյանասարգսյանական ռեժիմի ժամանակ, բավականին ծանր պայմաններում իսկապես պայքարում էին խոսքի ազատության, լրագրողների իրավունքների համար, իսկ այսօր ոմանք չարաշահում են այդ ստացած իրավունքը և իրենց պահվածքով իջեցնում լրագրողի կշիռն ու դերը հանրության շրջանում։ 

Լրագրողի իրավունքներից բացի, այս երկրում իրավունքներ, պարտականություններ ունեն նաև այլ քաղաքացիներ և նրանց աշխատանքը՝ մասնավորապես իրավապահների աշխատանքի խոչընդոտումը ևս քրեորեն պատժելի է։ Ուստի, մի՛ խայտառակեք լրագրողի մասնագիտությունը։


Հետևեք մեզ նաև Տելեգրամում