ՀՀ Անկախության օրվա առթիվ Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները

ՀՀ Անկախության օրվա առթիվ Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյա հոբելյանի կապակցությամբ ՍԱՀ Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) Սիրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները՝ հայազգի պատգամավոր Լուսին Իսքենյանի գլխավորությամբ, այցելել են Սիրիայում ՀՀ դեսպանություն:

 

Հանդիպման ընթացքում ՍԱՀ պատգամավորները ջերմորեն շնորհավորել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ժողովրդին և ՀՀ Ազգային ժողովի իրենց գործընկերներին՝ մաղթելով բարեկամ Հայաստանին հարատև խաղաղություն, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն:

 

Շնորհակալություն հայտնելով սիրիացի պատգամավորներին ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ ՀՀ դեսպանը կարևորել է երկու բարեկամ երկրների պատմական բարիդրացիական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ դրանք ապագայում ևս կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ հայ և սիրիացի բարեկամ ժողովրդների:

 

Իր խոսքում դեսպանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերին և հույս հայտնել, որ թե՛ Հայաստանը և թե՛ Սիրիան մոտ ապագայում կհաղթահարեն իրենց առջև ծառացած առկա մարտահրավերները ու ճգնաժամը և կթևակոխեն խաղաղության ու զարգացման ժամանակաշրջան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում