Թալիբները դուրս են շպրտվել Փանջշերից․ դիմադրության ներկայացուցիչ

Թալիբները դուրս են շպրտվել Փանջշերից․ դիմադրության ներկայացուցիչ

Դիմադրության ներկայացուցիչները դուրս է շպրտել «Թալիբան» աֆղանական արմատական շարժման զինյալներին նրանց վերահսկողությունից դուրս գտնվող Փանջշեր նահանգից: Շատ թալիբներ, այդ թվում՝ պակիստանցիներ, գերի են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է հակաթալիբանյան դիմադրության ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին:

Նա նշել է, որ Փանջշերը ամբողջությամբ ազատագրված է: «Ոչ պակաս, քան հազար ահաբեկիչ հայտնվել են ծուղակում, բոլոր հարձակվողները սպանվել են, հանձնվել կամ գերեվարվել փախուստի ու նահանջի ժամանակ: Գերեվարվածների թվում շատ են օտարերկրացիները, մեծամասնությունը՝ պակիստանցիներ», - գրել է նա թվիթերի իր էջում:

Դրա հետ մեկտեղ, Bakhtar News Agency աֆղանական լրատվական գործակալությունը կիրակի հայտնել է, որ «Թալիբանը», հակառակը, արդեն վերահսկում է Փանջշեր նահանգի գրեթե ամբողջ տարածքը՝ բացառությամբ Ռուխա շրջանի ու նահանգի մայրաքաղաք Բազարակի: Գործակալության տվյալներով, ներկայումս թալիբները սկսում են գրոհն այդ երկու բնակավայրերի ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում