Մոսկվան պատրաստ է անցկացնել Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը. Լավրով
Ռուսաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել նման հանդիպումները», - ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը մանրամասնել է, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այս ձևաչափով նոր հանդիպում անցկացնել։
«Հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս», - հավելել է Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Մոսկվան մի քանի առիթներով, այդ թվում՝ 2022 թվականի դեկտեմբերին, հարթակ է տրամադրել արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար, սակայն հետո «հայ գործընկերները հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել այս միջոցառմանը»։
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը շուտով կկարողանա պայմանավորվել «Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատման շուրջ»։
«Մենք խոսեցինք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացի մասին: Հուսով ենք, որ շուտով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը՝ որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու օգտագործումը վերականգնելու վերաբերյալ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Կարծիքներ