ԵՄ-ն որոշել է 1 շաբաթում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել՝ Նավալնիի պատճառով
ԵՄ 27 երկրների արտգործնախարարները քաղաքական որոշում են կայացրել նոր պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, որոնք, համայնքի կարծիքով, պատասխանատու են ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կալանավորման համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ի պատասխան Նավալնիի հետ կապված իրադարձություններին, մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել պատժամիջոցներ կիրառել նրա ձերբակալման և դատապարտման համար պատասխանատու անձանց դեմ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով, հույս ունեմ, որ գործընթացը կտևի առավելագույնը մեկ շաբաթ»,-հայտարարել է Բորելը:
Նա նշել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները որոշել են Ռուսաստանին դիտարկել որպես հարևան, որը գործում է որպես հակառակորդ:
«Մենք պետք է մոդել սահմանենք, որպեսզի խուսափենք հարևանների հետ մշտական առճակատումից, որոնք նախընտրել են հակառակ կերպ վարվել»,- ասել է նա՝ խոսելով Ռուսաստանի նկատմամբ նոր մոտեցման մասին:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ համայնքը չի կարող պատժամիջոցներ կիրառել ռուս գործարարների դեմ, քանի որ դրա համար իրավական հիմք չկա:
Կարծիքներ