Ուրուգվայցի ռեժիսորը Մոնտեվիդեոյում ներկայացրել է արցախյան հակամարտության մասին պատմող ֆիլմը
Ուրուգվայցի կինոռեժիսոր Ֆեդերիկո Լեմոսի՝ Արցախյան հակամարտության մասին պատմող «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը ցուցադրվել է Ուրուգվայի Ազգային աուդիտորիումի գլխավոր դահլիճում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Diario Armenia-ն փոխանցում է, որ շուրջ երկու հազար հանդիսատեսի շարքում ֆիլմը դիտել են Ուրուգվայի մշակույթի ու արվեստի, մեդիայի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հայկական համայնքի անդամներ:
«Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, որը սկսել է նկարահանվել 2017 թվականից, պատմում է արցախյան հակամարտության պատմությունը տարածաշրջանում բնակվող չորս հայի դիտանկյունից:
Արգենտինայի հայկական «Սարդարապատ» պարբերականի փոխանցմամբ՝ Լեմոսը, ով 14 գեղարվեստական ֆիլմի հեղինակ է և ում գործերը ցուցադրվում են այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Netflix-ը, Amazon Prime-ը, HBO-ն, պատմել է, որ այս ֆիլմի նկարահանումն իր համար իսկական մարտահրավեր է եղել: Ուրուգվայցի ռեժիսորը նշել է, որ Ուրուգվայում տեսնելով հայկական համայնքի գործունեությունը, այն, թե ինչպես են հայերն այստեղ փորձում պահպանել սեփական արմատներն ու ավանդույթները, իրեն ամբողջությամբ ստիպել է խորասուզվել թեմայի մեջ:
Ֆիլմն արդեն ուղարկվել է ավելի քան 60 միջազգային կինոփառատոնների: «Մենք ենք մեր սարերը»-ի նկարահանումներն իրականացվել են Ստեփանակերտում, Գորիսում, Օշականում, Սևանում, Գյումրիում, Երևանում, Մոնտեվիդեոյում, Բուենոս Այրեսում, Սան Պաուլոյում և Լոս Անջելեսում:
Կարծիքներ