Լվովում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու վերականգնման 30-ամյակին
Լվովի հայկական վանքում նշվել է Ուկրաինայում Հայ Առաքելական Եկեղեցու վերականգնման 30-ամյակը:
Ըստ հաղորդագրության, այդ առիթով Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման Հայոց Մայր Տաճարում բացվել է ցուցահանդես, որը գործելու է մշտական հիմունքներով: Վանքում ցուցադրված են եկեղեցական կամ կենցաղային իրեր, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ Լվովի հայ համայնքի կյանքին։
Ցուցահանդեսի համակարգող Իրինա Գորբանի խոսքով՝ իրերը վերապրել են խորհրդային ողջ ժամանակաշրջանը, քանի որ թաքցվել էին 1945 թվականին։
«Նրանց պահում էին եկեղեցական չհրկիզվող պահարանում, և ողջ խորհրդային շրջանը ողջ մնացին այս պահարանում»,- ասել է մասնագետը:
Իսկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության վերսկսման 30-ամյակը նշվել է միջազգային գիտաժողովով և «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն և արդիականություն» ցուցահանդեսի շնորհանդեսով:
Եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայում հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը շեշտել է, որ հայկական ավանդույթների համաձայն՝ եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև ծառայում է որպես մշակութային կենտրոն:
Կարծիքներ