Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման, դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման,  դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրականացվում են արդյունավետ ծրագրեր, ինչը նպաստում է շարունակական համագործակցության ապահովմանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են ԿԳՄՍ նախարարության ինստիտուցիոնալ աջակցությունը հիմնադրամի՝ կրթական ոլորտում գործունեության կայացման և հաջող ընթացքի գործում:

Կողմերը քննարկել են ՀՀ դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրման, մասնավորապես՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև նոր մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձանց 30 կրեդիտի ապահովմամբ հանրակրթական համակարգ ներգրավելու ծրագրին, որը կարող է նպաստել մանկավարժական տեղերի համալրմանը:

Քննարկվել է նաև դպրոցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգի հարցը՝ կարևորելով տնօրենների հետ քննարկումներ իրականացնելու և մասնակցային ձևաչափով դպրոցի գործունեության չափանիշների մշակման աշխատանքային խումբ ձևավորելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սերունդ» ծրագրի քառամյա գործունեությանը և արձանագրած արդյունքներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին՝ Ուսուցչի օրվա շրջանակում, նախատեսվում է անցկացնել ուսուցչական խորհրդաժողով, որը կլինի փորձի փոխանակման հարթակ, որտեղ կարող է ներկայացվել նաև «Սերունդ» ծրագիրը:

Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում