Ռուսաստանի ԱԳՆ-ը հաշիվ է բացել TikTok-ում

Ռուսաստանի ԱԳՆ-ը հաշիվ է բացել TikTok-ում

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաշիվ է գրանցել TikTok սոցիալական ցանցում, որպեսզի այնտեղ «տեղեկատվական աշխատանք» իրականացնի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Սմոլենսկայա հրապարակում «վաղուց էին պլանավորվում» այս սոցիալական ցանցում հաշիվ բացել:

«Իսկ վերջին շաբաթների իրադարձությունների զարգացումը արագացրեց գործընթացը: Սա տուրք չէ նորաձեւությանը, այլ պարզապես տեղեկատվական աշխատանք է»,- ընդգծել է նա:

Հունվարի 23-ին եւ 31-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի են ունեցել չարտոնված ցույցեր՝ ի պաշտպանություն Ռուսաստան վերադառնալուց հետո ձերբակալված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու: Գլխավոր դատախազությունը չարտոնված զանգվածային ցույցերին մասնակցելու անչափահասներին ուղղված կոչեր է հայտնաբերել սոցիալական ցանցերում:

Հունվարի 27-ին «Ռոսկոմնադզորը» հաղորդել էր, որ Facebook, Instagram, Twitter, TikTok, «Вконтакте», «Одноклассники» սոցիալական ցանցերը, ինչպես նաեւ YouTube վիդեոհոսթինգը կտուգանվեն հունվարի 23-ի անօրինական ակցիաներին մասնակցելու անչափահասներին ուղղված ոչ բոլոր կոչերը հեռացնելու համար:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլն ակնկալում է, որ ինտերնետային ընկերությունները հարթակ չեն տրամադրի անօրինական գործողությունների մասին ազդարարելու համար:

Փետրվարի 3-ին «Ռոսկոմնադզորը» TikTok-ը օրինակ էր բերել այլ օտարերկրյա սոցիալական ցանցերին՝ դեռահասներին ուղղված կոչերը եւ արգելված այլ բովանդակությունն անհապաղ հեռացնելու համար: «Այլ օտարերկրյա սոցիալական ցանցերի մասին ես, իհարկե, չեմ կարող դա ասել»,- Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատում կայացած լսումների ժամանակ նշել է «Ռոսկոմնադզոր»-ի էլեկտրոնային հաղորդակցության վերահսկման բաժնի պետ Եվգենի Զայցեւը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում