Լոռու մարզում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերը
Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում մեկնարկել են պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, 2022թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը:
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ այսօր շրջել է մարզի Փամբակ խոշորացված համայնքի Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Մարգահովիտ բնակավայրերում, հետևել մեկնարկած ծրագրերի ընթացքին:
Այս պահին ընթանում են Լեռնապատ բնակավայրի 10-րդ փողոցի (պայմանագրային արժեքը՝ 38 մլն 102 հազար դրամ), Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի (48 մլն 671 հազար դրամ), Բազում բնակավայրի 3-րդ և 6-րդ փողոցների և Վահագնաձոր բնակավայրի դպրոց ու եկեղեցի տանող ճանապարհների (40 մլն 707 հազար դրամ) տուֆ քարով սալարկման աշխատանքները:
Փոխմարզպետը շինարարների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել է աշխատանքների որակին առնչվող մի շարք հարցեր, կարևորել դրանք ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը:
Մեկնարկել են նաև Ստեփանավան համայնքում փողոցների ասֆալտապատման և Ախթալա խոշորացված համայնքի Ճոճկան բնակավայրի փողոցների տուֆ քարով սալարկման աշխատանքները։
Այս տարի մարզում նախատեսվում էր իրականացնել ընդհանուր առմամբ 97 սուբվենցիոն ծրագիր: Ներկայում հաստատված ծրագրերը 79-ն են, որոնցից 46-ի համար մրցութային գործընթացը սկսվել է (15-ի համար արդեն առկա է կապալառուի պայմանագիր), իսկ մնացած ծրագրերի համար կհայտարարվեն համապատասխան մրցույթներ՝ համայնքների կողմից լրամշակվելուց հետո։
Կարծիքներ