Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի խորհրդարանի խոսնակի հետ
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի խորհրդարանի խոսնակ Վիկտորիյա Չմիլիտե-Նիելսենի (Viktorija Čmilytė-Nielsen) հետ։ Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:
Լիտվայի Սեյմասի խոսնակը բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լիտվական հարաբերությունների, հայ և լիտվացի ժողովուրդների միջև կապերի խորացման գործում և հաջողություն մաղթել նրան իր հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է եղել՝ փաստելով, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը նկատելիորեն աշխուժացել է։
Կողմերը քննարկել են նաև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցերի շրջանակ։
Հանդիպման ավարտին Վիկտորիյա Չմիլիտե-Նիելսենը, ի գնահատություն դեսպան Մկրտչյանի կատարած գործունեության, Լիտվայի խորհրդարանի անունից նրան հանձնել է երախտագիտության նամակ։
ՀՀ նախագահի մարտի 15-ի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ դեսպան:
Կարծիքներ