Ծննդկանին ներարկված դեղը հակացուցված է եղել, բժիշկներն իմացել են, բայց, միևնույն է, ներարկել են․ հարազատներ

Ծննդկանին ներարկված դեղը հակացուցված է եղել, բժիշկներն իմացել են, բայց, միևնույն է, ներարկել են․ հարազատներ

Ծննդկանի վիճակի կտրուկ վատացման մասին հարազատներն իմացել են 7-8 ժամ հետո։  Այս մասին Freenews.am-ին հայտնեցին ծննդկանի հարազատները։

Նրանց պնդմամբ՝ ծննդկանին ներարկված հակաբիոտիկը հակացուցված է եղել, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը։

«Նրան այդ դեղը հակացուցված է եղել, բժիշկներին այդ մասին նախօրոք ասել ենք, բայց նրանք միևնույն է ներարկել են։ Մենք ծննդկանի վիճակի վատացման և մահվան մասին իմացել ենք գրեթե մեկ օր անց»,- մեզ հետ զրույցում ասաց ծնդդկանի ընկերուհիներից մեկը։

Վերջինիս խոսքով՝ անցած տարի գրեթե նույն պատմությունն է եղել կրկին նույն հիվանդանոցում։ Նույն ներարկված դեղից հազիվ է հաջողվել փրկել ընկերուհու կյանքը։ Այժմ կրկնվեց պատմությունը, սակայն, ողբերգական ավարտով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Շենգավիթ ԲԿ-ում ծննդկանի մահ է գրանցվել։ Մահվան դեպքի մասին բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, ինչը ներկայացնում ենք ստորև․

«Ս․թ․ 17.09.2020 , ժամը 12:25 30 ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է ”Շենգավիթ” ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ), հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել:
Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը՝ կնոջը ներարկվել է այլ խմբի հակաբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի : Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ , զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ, Sao 2-65%: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով:
Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝ վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա:
Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ: 45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը:

”Շենգավիթ” բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին , հարազատներին և մտերիմներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում