Անապայում հեղեղումների պատճառով տարհանում է իրականացվում

Տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով Անապայում (Կրասնոդարի երկրամաս) ավելի քան 450 մարդ է տարհանվել, այդ թվում՝ զբոսաշրջիկներ։ Այս մասին ասվում է առողջարանային քաղաքի պաշտոնական կայքում։
Իրականացվում են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքներ։ Որոշ տներում և հյուրանոցներում ջուրը լցվում է առաջին հարկեր։
Անապայի օդանավակայան տանող ճանապարհը հեղեղված է։ Ջրհեղեղից մասամբ ավերվել է Սիմֆերոպոլյան մայրուղու մի հատվածը, մարդիկ չեն կարողանում օդանավակայան հասնել։
Գիշերվա ընթացքում Անապայում թափվել է տեղումների եռամսյա նորման։ Տեղումները դեռևս շարունակվում են։ Երեկ երեկոյան Կրասնոդարի երկրամասի վարչակազմը, պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով, 6 տարածաշրջաններում արտակագ դրության ռեժիմ է մտցրել։
Օգոստոսի 13-ին հայտարարվել էր ամառային ճամբարներից ավելի քան 900 երեխայի տարհանման մասին։ 29 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, երթևեկությունը կաթվածահար վիճակում է։
Կարծիքներ