Առաջարկվում է 6 ամսով երկարաձգել կորոնավիրուսի ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել 6 ամսով:
Այս մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու հարցը հավանություն ստացավ հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:
«Հանձնաժողովը ձևավորվել է այն ժամանակահատվածում, երբ Ազգային ժողովը պատրաստվում էր գնալ հերթական արձակուրդ, այնուհետև պատերազմական իրավիճակում անհնար է եղել գործունեություն ծավալելը, և շատ աշխատանքներ մնացել են առկախված: Նաև մեր ամբողջական աշխատանքները վերջնականացնելու նպատակով քննիչ հանձնաժողովին անհրաժեշտ է լրացուցիչ 6 ամիս՝ այդ աշխատանքներն ամփոփելու համար»,- նշեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Կարծիքներ