Տարվող աշխատանքները շատ են, անելիքները՝ ևս. ԱՍՀ նախարարն ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Տոնը ևս մեկ հրաշալի հնարավորություն է՝ ընդգծելու այն կարևոր պատասխանատվությունը, որն ունենք երեխաների նկատմամբ՝ նրանց համար ծառայել լավ օրինակ, սերմանել պատասխանատվություն, կարգապահություն ու հարգանք, նպաստել երեխաների համար առողջ և ապահով միջավայրի ստեղծմանը, շարունակել շրջապատել նրանց սիրով՝ տալով անհրաժեշտ խնամք ու պաշտպանություն:
Նախարարության ամենօրյա ջանքերը ծառայում են հենց այս նպատակներին, քանի որ ոլորտային բարեփոխումների արդյունքների ուղիղ կրողը մեր երեխաներն ու ընտանիքներն են։ Նրանց հզորացումը, երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խրախուսումը մեր երկրի ռազմավարական և առանցքային կետերից է, որի ուղղությամբ աշխատանքները շարունակական են։
Առանձնացնելով դրանցից մի քանիսը՝ նշեմ, որ ԱՍՀ նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի փաթեթը, որի ընդունմամբ կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երեխաների իրավունքների իրացման համար։
Շարունակում ենք առաջ շարժվել խնամատարության ինստիտուտի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ապրել ընտանիքում։ Ներկայում խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն է ստանում 110 երեխա։
Երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելման նպատակով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխայի անհրաժեշտ ծառայություններ ենք մատուցում հանրապետության բոլոր մարզերում գործող 24 կենտրոններում, իսկ շուրջ 600 երեխա նույն ծառայությունը ստանում է պետական ցերեկային խնամքի կենտրոններում։
Տարվող աշխատանքները շատ են, անելիքները՝ ևս․ ուստի, ևս մենք անգամ շնորհավորում եմ բոլոր երեխաներին՝ մաղթում անհոգ մանկություն՝ խաղաղ հայրենիքում»:
Կարծիքներ