Քրեական հեղինակությանը դիմելու և շորթման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս և ևս 2 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևան քաղաքի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի մի շարք հանգամանքներ։
Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում, մասնավորապես փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 47–ամյա բնակիչըանօրինական կերպով շինություն է կառուցել Երևանի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքում և պնդել, որ հիշյալ հողատարածքը գրանցվի իր անվամբ, ինչին վերջինս չի համաձայնել։
Նշված հարցի հետ կապված 47–ամյա տղամարդը օժանդակության խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող հայտնի անձի։ Վերջինիս, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նա գնացել է վերոնշյալ հողատարածք և կրկին պահանջել անվանափոխել հիշյալ տարածքը։ Այնուհետև 47–ամյա տղամարդը կնոջ եղբոր՝ 50–ամյա տղամարդու հետ, հիշյալ հողատարածքում հանդիպել է 43–ամյա քաղաքացու եղբորը, սպառնալիքներ հնչեցրել նրանց հասցեին, որից հետո զանգահարել են քրեական ենթամշակույթի կրող հայտնի նույն անձին, ով ևս սպառնացել է եղբայրներին։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ քրեական ենթամշակույթ կրող անձը հանդիսանում է քրեական հեղինակություն և օգտագործելով իր քրեական հեղինակությունը՝ գործում և կայացնում է որոշումներ՝ պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրականացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող, իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոններով։
Քրեական վարույթի շրջանակներում 43–ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, զննության են ենթարկվել վերջինիս կողմից ներկայացված տեսագրությունները։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 47–ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարել է։
Հիշյալ անձինք ձերբակալվել են։ Դատարանի որոշմամբ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի և 47–ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ