Ծաղկաձորում ռուսական կենտրոն է բացվել
Մարտի 17-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը:
Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել են ռուսական կենտրոնի բացմանը:
Կենտրոնը բացվել է Յուրի Վորոբյովի աջակցությամբ: Սա Հայաստանում բացված 9-րդ մասնաճյուղն է: Կենտրոններում արտադպրոցական ուսումնական ծրագրով կրթվում են դպրոցականներն ու երիտասարդները, կա նաև գրադարանային ֆոնդ:
Յուրի Վորոբյովը կենտրոնին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հուշանվերը, նաև՝ իր գործունեությանը վերաբերող գիրք:
Ներկաներն ընդգծել են, որ հայ-ռուսական հումանիտար համագործակցության բնագավառում նման կենտրոնները ևս մեկ կամուրջ են երկկողմ կրթամշակութային կապերի ընդլայնման գործում:
Կարծիքներ