Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Սիրիայում
Թուրքիան լիովին պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության և կարող է այն սկսել ցանկացած պահի։ Այս մասին կիրակի օրը Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։
«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մենք երեք խոշոր գործողություններ ենք իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել դրանք իրականացնելու համար։ Մեր նախագահն ասաց, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։ Այն պահին, երբ մենք սպառնալիք ստանանք»,- ասաց նա՝ նշելով, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
Կալինի խոսքով՝ Անկարան ներկայումս քաղաքական կապեր չի պահպանում Դամասկոսի հետ։ «Ազգային անվտանգության շահերից ելնելով մեր հատուկ ծառայությունների մակարդակով շփումները պահպանվում են, բացի սրանից քաղաքական բանակցություններ չկան»,- հավելեց նա։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում ծրագրվող գործողությունների հիմնական նպատակը 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին ընդլայնելն է, որը ստեղծվել է 2019 թվականի հոկտեմբերին։
Կարծիքներ