Արման Թաթոյանը հայտնվել է ադրբեջանցի զինծառայողի ինքնաձիգի նշանառության տակ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նախորդ շաբաթ անձամբ է համոզվել, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է:
«Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի ժամանակ միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված:
Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածն է, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Արման Թաթոյանը:
Պաշտպանն ընդգծել է, որ մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսել են անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով իրենց, այնուհետև սուլոցներ ու գորգոռոցներ են արձակել։
«Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կներառվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում և կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,-հավելել է նա:
Կարծիքներ