Լիոնում տեղի ունեցած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել է Նարինե Հակոբյանը

Լիոնում տեղի ունեցած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել է Նարինե Հակոբյանը

Մայիսի 17-ից 19-ը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայրում՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 49-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցել են Եվրոպայի տարածաշրջանի 50 երկրի շուրջ 120 պատվիրակ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին այսօր տեղեկացրել  է ՀՀ ոստիկանությունը:

Հիմնական քննարկումներից մեկը նվիրված է եղել Եվրոպայի տարածաշրջանի երկրներում սահմանային անվտանգության սպառնալիքներին, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև միգրանտների թվի աննախադեպ աճին, ինչը պայմանավորված է հակամարտության գոտում գտնվող երկրներից դեպի եվրոպական երկրներ արտագաղթողների թվի աճով:

Կոնֆերանսի առաջին օրը տեղի է ունեցել հանդիպում Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանի միջև: Քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:

Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ, մասնավորապես՝ ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարում Ինտերպոլի արձագանքը, Եվրոպական տարածաշրջանում Ինտերպոլի i-ARMS համակարգի և ապօրինի զենք-զինամթերքի տվյալների պահոցի օգտագործում, Ինտերպոլի գործիքակազմի և հնարավորությունների օգտագործում՝ կիբեռհանցավորության կանխման, բացահայտման և խափանման նպատակով, 2022-2025 թթ. Ինտերպոլի ռազմավարությունը եվրոպական տարածաշրջանի համար, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների դեմ պայքարում եվրոպական տարածաշրջանի երկրների աջակցության խթանում:

Հանդիպման ավարտին որոշվել է Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային հաջորդ՝ 50-րդ կոնֆերանսն անցկացնել Չեռնոգորիայի Հանրապետությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում