Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է․ Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի են սրում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։
«Լաչինի միջանցքի արգելափակմամբ՝ Ադրբեջանը խախտում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները։ Լեռնային Ղարաբաղ էներգոռեսուրսների մատակարարման խափանումները հարցեր չեն թողնում պաշտոնական Բաքվի նպատակների մասին․ խոսքը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մասին է»,- հայտարարել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ այդ ֆոնին ավելի է ընդգծվում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու իմպերատիվությունը և Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ խստորեն պահպանելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Միրզոյանը հիշատակել է նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավով է նշել, որ գործնականում չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ, որն Ադրբեջանը չի խախտել։ Արարատ Միրզոյանը հիշատակել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, Հայաստանի տարածքների օկուպացիան, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, հայ ռազմագերիներին ապօրինի պահելը, խոչընդոտելը տարածաշրջանային կոմիունիկացիաների բացմանը, ինչպես նաև միջազգային մեխանիզմների ստեղծմանը հայ փախստականների վերադարձի համար այն բնակավայրեր, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Ադրբեջանական կողմը իր սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։ Այս կոնտեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ուժի գործադրման կամ ուժի սպառնալիքի կիրառման գործողությունները»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Կարծիքներ