Կլիմայի փոփոխությամբ և այլ գործոններով պայմանավորված Հայաստանում երկրորդային ջրօգտագործումը դառնում է անհրաժեշտ
Կայացել է Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խրախուսման մեխանիզմների կիրառման ներուժի գնահատման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողովը: Գնահատումն իրականացվել է «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ի կողմից՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ և «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրերի համատեղ աջակցությամբ՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խնդրանքի, որը միտված է ապահովելու ջրային օրենսգրքի կիրարկումը։
Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման անհրաժեշտությունն ամրագրված է ջրային օրենսգրքով: Արդյունաբերության, կենցաղային և օգտագործման այլ տեսակների կողմից ջրի աղտոտվածության աճով, ջրի օգտագործման պահանջարկի ավելացմամբ, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների առկա և կանխատեսվող նվազմամբ պայմանավորված՝ երկրորդային ջրօգտագործումը դառնում է անհրաժեշտ և արդիական, հատկապես՝ Արարատյան դաշտում ոռոգման կարիքները բավարարելու և Սևանա լճի ու տնտեսության տարբեր ճյուղերի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով։
Հայաստանում կլիմայի ապագա կանխատեսումները ցույց են տալիս ջերմաստիճանի շարունակական բարձրացում և տեղումների նվազում հանրապետության գրեթե ամբողջ տարածքում: Ջրային ռեսուրսների կայուն կառավարումը և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների, այդ թվում՝ ջրի երկրորդային օգտագործման լուծումների կիրառումն անհրաժեշտ նախապայման են ջրային ռեսուրսների սակավության մարտահարավերը հաղթահարելու համար:
Իրականացված ուսումնասիրությունը ներկայացնում է ոլորտում առկա բացերը և բնապահպանական կամ ջրառի վճարների և տնտեսական մեխանիզմների բարելավման, ինչպես նաև կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման ֆինանսական խթաններ սահմանելու հնարավոր բարեփոխումների տարբերակները: Ուսումնասիրությունը ներառում է նաև Հայաստանում և միջազգային մակարդակում վերջին զարգացումները՝ շեշտադրելով գործող քաղաքականությունների բացերը, իրավական և ինստիտուցիոնալ թերությունները, տնտեսական խոչընդոտները և Հայաստանում ջրի կրկնակի (երկրորդային) օգտագործման գործընթացի կազմակերպման հարցում առկա դժվարություններն ու ռիսկերը:
Իր խոսքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդգծեց երկրորդային ջրօգտագործման կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով վերջերս փոփոխված և հաստատված ՀՀ ջրային օրենսգիրքը, որտեղ ամրագրված է կրկնակի ջրօգտագործումը։ Նա շեշտեց, որ թարմացված օրենսգիրքը Հայաստանը պետք է բերի նոր որակի ջրօգտագործման հարթակ, քանի որ երկրորդային ջրօգտագործումը կարևոր է ինչպես ֆինանսական, այնպես էլ տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից։
EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շեշտեց ուսումնասիրության կարևորությունը ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար, ինչն իր ազդեցությունը կունենա նաև Սևանա լճի հիմնախնդիրների հաղթահարման տեսանկյոնից։ Նա նաև շեշտեց, որ «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ն գնահատման ընթացքում սերտորեն համագործակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների և այլ շագարգիռ կողմերի հետ՝ ապահովելու համար փաստաթղթի համապատասխանությունը վեր հանված կարիքներին։
Աշխատաժողովն ավարտվեց այն փոխըմբռնմամբ, որ մշակվել է շատ կիրառելի նյութ, որը հիմք կհանդիսանա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համար՝ Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խթանման ուղղությամբ համապատասխան քաղաքականության և օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ։
Կարծիքներ