Գյումրին արագ տեմպերով ձերբազատվում է տնակային պայմաններում աշխատող մանկապարտեզներից
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում`ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով սկսվել են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ:
Գյումրու համայնքապատերանի լրատվության բաժնի պետ Սոնա Առաքելյանը Freenews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է մոտ 21 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսվում է 75 երեխայի համար:
Անդրադառնալով վերջերս Գյումրիում անձրևաջրերի հետևանքով վնասված, հետագայում շահագործման համար ոչ պիտանի դարձած «Զանգակ» մանկապարտեզի խնդրին, Ս․ Առաքելյանը նշեց, որ այս մանկապարտեզի համար ևս նոր շենք է կառուցվելու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում:
Նախագծա-նախահաշվային աշխատանքներն ավարտված են, առաջիկա ամիսներին կմեկնարկեն շինաշխատանքները, այս պահին ընթանում են ապամոնտաժման աշխատանքները:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 200 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է մոտ 20 մլն դրամ։
Խոսելով մեկ այլ տնակային պայմաններում գործող «Ծիածան» մանկապարտեզի հետագա ճակատագրի մասին` Սոնա Առաքելյանը նշեց, որ ունենք ազատ շենք, նպատակադրվել ենք տեղափոխվել այնտեղ։
Ճիշտ է, տվյալ շենքում այժմ կան ապրող բնակիչներ, որոնք տարածքը զբաղեցնում են ապօրինի կերպով, այս պահին աշխատանքներ են իրականացվում շենքը ազատելու և «Ծիածան» մանկապարտեզը տվյալ շենք տեղափոխելու համար:
Այսպիով ` Գյումրին վերջնականապես կձերբազատվի տնակային պայմաններում գործող մանկապարտեզներից։
Կարծիքներ