Հնդկաստանի հյուսիսում անձրևների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասնում է 52-ի
Առնվազն 52 մարդ մահացել է, հինգն անհետ կորել են Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտարախանդ նահանգում, որտեղ մուսսոնային ուժեղ անձրևները չեն դադարում ավելի քան երեք օր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի հաղորդել է Deccan Herald թերթը՝ վկայակոչելով նահանգի կառավարության տվյալները:
Տեղատարափ անձրևները սողանքների, քարաթափումների և ջրհեղեղների պատճառ են դարձել այս լեռնային շրջանում: Բնական աղետից ամենից շատ տուժել է Նաինիտալ առողջարանային քաղաքը, որտեղ տների փլուզման պատճառով, զոհվել է 28 բնակիչ, վիրավորվել՝ 17-ը:
Նահանգի իշխանությունները դիմել են զինվորականների օգնությանը, որոնք ներգրավված են փրկարարական աշխատանքներում: Ավելի քան 1,3 հազար մարդ տարհանվել է անվտանգ շրջաններ, մարդասիրական օգնություն է հասցվել անձրևներից և սողանքներից տուժած Ուտարախանդի բնակիչներին:
Կարծիքներ