«Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
«Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է։ Այս մասին հայտնում է «Առաջին ալիք»-ը։
Ավելի վաղ ներկայացվել է այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել:
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23:00-ին):
Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող հետևյալ երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Վրաստանը, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Սան Մարինոն, Շվեյցարիան և Մեծ հնգյակից Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան:
Քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին (որոշ երկրների դեպքում գործում է նաև հեռախոսազանգի և առցանց քվեարկության տարբերակը):
Ուշադրություն. քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան:
Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ։ Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:
Կարծիքներ