«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ՝ առանց դաշինքի: Այս մասին այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի կայացրած որոշում, որ ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ իր բրենդով, իր ցուցակով»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե ադրյոք ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող նախկին իշխանականներին ուղղված առաջարկին ի պատասխան արձագանք ստացե՞լ են, քննարկում ունե՞ն ընդդիմադիրների հետ, Գորգիսյանն ասաց. «Առաջարկությունն արվել է հրապարակային: Առանձին որևէ բանակցություններ որևէ ուժի հետ չունենք»:
Պատգամավորը վստահեցրեց, որ եթե որևէ բանակցություն լինի որևէ ուժի հետ, կուլիսային չի լինի:
Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից համոզմունք էր հայտել, որ եթե սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանության մյուս ներկայացուցիչները հետ քաշվեն, գործող իշխանությունը չի հավաքի բավարար ձայներ՝ կրկին իշխանության գալու համար: «Ես պաշտոնական առաջարկ եմ անում՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած, մինչև նախկին իշխանության մյուս ներկայացուցիչները, մի կողմ քաշվեք, և մենք այս մադկանց կդարձնենք փոքր ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով»,- ասել էր Մարուքյանը:
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:
Կարծիքներ