Ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների համար, նրանց ստեղծած արժեքները պահպանելն է. Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը․ այս մասին հայտնում են նախարարությունից։
Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ նաև դպրոցականների մասնակցությունն ապահովող միջոցառումները. «Ինչպես գիտեք, այս տարի հոբելյանական տարի է, և ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելու բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված թե՛ Շառլ Ազնավուրին, թե՛ Երվանդ Քոչարին: Բայց մենք հատկապես կարևորում ենք սովորողների մասնակցությունը, քանի որ ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների ժառանգությունը պահպանելու և տարածելու առումով, ստեղծած արժեքները հանրահռչակելն է ու նրանցից անընդհատ սովորելը: Կարևոր է, որ այս իրադարձությունները տեղ են գտնում նաև մեր կրթական միջավայրում: Այս մրցույթները միտված են մեր մեծերի մշակութային ժառանգության ճանաչելիությանը, պահպանմանը և տարածմանը»:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցներին և ընտանիքներին, որոնք ձևավորում են այն մթնոլորտը, որտեղ սովորողը, ի թիվս բազմաթիվ զբաղմունքների, ընտրում է հենց կրթամշակութային բովանդակությունը:
«Դուք ձեր ժամանակը կարող էիք տրամադրել բազմաթիվ այլ զբաղմունքների, բայց ընտրել եք սովորելը, ուսումնասիրելը, պրպտելը: Սա ցույց է տալիս, որ ձեր մանկավարժներն ու ընտանիքներն արվեստի, մշակույթի, երկրի պատմության իմացության կարևորությունն առաջնային են համարել և խրախուսել են ձեզ հենց այդ միջավայրում: Այսօրվա հաղթանակն էլ ձեր նախընթաց ջանքերի ու աշխատանքի արդյունքն է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մրցույթում հաղթել են այն սովորողները, որոնք եղել են ամենաարագը, ամենագիտակը և ամենահնարամիտը:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը ևս ողջունել է մասնակիցներին՝ մեջբերելով Երվանդ Քոչարի խոսքերը՝ ուղղված երիտասարդներին. «Սիրելի՛ երիտասարդներ, դուք եք հայ ժողովրդի դարավոր իղձերի, պայծառ ու գեղեցիկ ապագայի հուսո երաշխիքը: Եվ պետք է լինել առողջ և հուժկու, մշտապես ունենալ մեծ երազանքներ և վստահ լինել, որ ձեր ոչ մի ճիգ, ոչ մի ջանք չեն կորչելու: Ամեն ինչ արդարացվելու է, ձեր երազանքներն իրականանալու են»:
Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել մրցույթի կազմակերպման համար և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ հետաքրքրվելու, ուսումնասիրելու և ճանաչելու հայ անվանի արվեստագետներին, որոնցով նախկինում գուցե այնքան էլ հետաքրքրված չէին:
«Ես Քոչարի մասին մակերեսային գիտելիք ունեի: Այս մրցույթից հետո շատ մեծ ցանկություն ունեմ նրա արվեստը ուսումնասիրելու, ճանաչելու: Նրա «Պատերազմի արհավիրքը» կտավից արդեն հասկացել եմ, որ նրա արվեստում յուրաքանչյուր դետալ կարևոր է և խորը փիլիսոփայություն ունի»,- մեկնաբանում է Թամարա Մակարյանը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցից: Իսկ Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարիամ Ավետիքյանը և Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյանը, որոնք մեծ սեր ու հետաքրքրվածություն ունեն Ազնավուրի հանդեպ, ընդգծել են՝ թեև շատ են սիրում Ազնավուր լսել, կարդալ, բայց այսուհետ ավելի խորքային կուսումնասիրեն, կփորձեն ավելի շատ ճանաչել աշխարհահռչակ շանսոնյեին:
Նշենք, որ մրցույթները կազմակերպվել էին «Ազնավուր» հիմնադրամի և Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ: Դրանք նախատեսված էին դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:
Կարծիքներ