ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք լինել. ԱԳ փոխնախարար

ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք լինել. ԱԳ փոխնախարար

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Խաղաղությունը մաս առ մաս. նոր ուղիներ գործուն ՄԱԿ-ի համար» պանելային քննարկմանը:

Բանախոսները քննարկել են միջազգային անվտանգային համակարգի ու միջազգային նորմերի հարգման վրա հիմնված աշխարհակարգի առջև ծառացած մարտահրավերները, ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմանիության շրջանակներում միջազգային կառույցների ու առանձին պետությունների, այդ թվում՝ փոքր ու զարգացող երկրների ներգրավվածության ու դերի շուրջ: Ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող հակամարտությունների կարգավորման հարցում միջազգային ու տարածաշրջանային մեխանիզմների արդյունավետ կիրառման կարևորությունը։

Իր խոսքում նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ Հայաստանն անկախությունից և ՄԱԿ-ին անդամակցության պահից ի վեր մշտապես հանդիսացել է արդյունավետ բազմակողմանիության ջատագովը։ 2020 թ․ և հաջորդիվ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանը զգացել է դրանց պատշաճ արձագանքելու հարցում միջազգային համակարգի թերացումների բացասական ազդեցությունն ու հետևանքները։ Նա հավելել է, որ չնայած դժվարություններին՝ Հայաստանը, միջազգային գործընկերների ներգրավածությամբ, Ադրբեջանի հետ կառուցողական դիրքերից բանակցում է հարաբերությունների կարգավորման շուրջ։

Նախարարի տեղակալը նշել է, որ բազմակողմանիությունը և ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են հանդիսանալ առկա մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք: Այս համատեքստում ներկաների ուշադրությանն է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարանի՝ որպես միջազգային արդարադատության ու միջազգային նորմերի պաշտպանության իրավական մեխանիզմի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:  

Ընդգծվել է նաև վերոնշյալ մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցում բոլոր դերակատարների կողմից անհրաժեշտ ջանքերի ներդնման առաջնահերթությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում