Մայիսի 1-ից վարորդների՝ 9 տուգանային միավորների համակարգից անցում կկատարվի 13-ի. ՆԳ նախարար

Մայիսի 1-ից վարորդների՝ 9 տուգանային միավորների համակարգից անցում կկատարվի 13-ի. ՆԳ նախարար

Վարորդներից ստացել ենք տարբեր ահազանգեր, որ կարիք կա վերանայելու գործող 9 բալային համակարգը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ փետրվարի 20-ի նիստին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ այն ծնվել է պետություն-քաղաքացի երկխոսության արդյունքում:

«Առաջարկվում է 9 տուգանային բալային համակարգից անցում կատարել 13 տուգանային միավորների համակարգի, որը թույլ կտա ավելի ճկունություն ունենալ, և այն իրավախախտումների պարագայում, որոնք կախված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, այս կոնտեքստում մեր քաղաքացիները կկարողանան ավելի ազատ լինել»,- ասաց նախարարը:

Արփինե Սարգսյանը նաև նկատեց՝ այս մասով կոնսենսուս ունեն քաղաքացիների հետ, որ այն խախտումները, որոնք անվտանգության բաղադրիչ են պարունակում, այդտեղ որոշակի խստացումներ են լինելու. «Օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, հեռախոսներից կամ ռադիոկապի այլ միջոցներից օգտվելը: Այսինքն՝ դրանք այն շեմերն են, որտեղ կարիք կա խիստ մոտեցումը պահպանելու և անվտանգության բաղադրիչը ավելի վեր դասելու»:

Որոշման նախագիծը նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից: Այսինքն՝ մայիսի 1-ի դրությամբ այն քաղաքացիները, որոնք կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, նրանց թիվը ավտոմատ դառնա 13 միավոր:

«Եթե մայիս 1-ի դրությամբ քաղաքացին ունի 9 միավոր, որից, օրինակ, 2-ը սպառվել է, ավտոմատ մայիսի 1-ի դրությամբ այս թիվը կդառնա 13 բալային միավոր»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ որոշման առանձնահատկությունն այն է, որ որոշ խախտումների համար բալերն ավելանում են, օրինակ՝ եթե տվյալ խախտման համար 1 բալ էր հանվում, հիմա՝ 1,5 և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում