Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։
Մասնավորապես՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 11 բաժին տեղեկություններ են ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:
Ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021-24 թթ ընկերությունը թաքցրել է շուրջ 1.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն:
Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, համաձայն որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 354 մլն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նկատենք, որ խոսքը «ՎԱԲԱ» շինանյութի խանութի մասին է: Այն պատկանում է «Հանրապետական» կուսակցության նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին, իսկ կալանավորված տնօրենը Վահագն Ավագյանն է:
Կարծիքներ