Իսպանիան կփորձարկի 4-օրյա աշխատանքային շաբաթը
Իսպանիան կարող է դառնալ աշխարհում առաջին երկրներից մեկը, որը կփորձի անցումը քառօրյա աշխատանքային շաբաթին։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի կառավարությունը համաձայնել է սկսել «համեստ» փորձնական նախագիծ այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են այդ գաղափարով:
Այս տարվա սկզբին իսպանական ձախ կուսակցություններից մեկը հայտարարել էր, որ կառավարությունն ընդունել է տվյալ գաղափարը փորձարկելու իր առաջարկը: Դրանից հետո բանակցություններ են անցկացվել. հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:
Լրատվամիջոցը նշում է, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա գաղափարը կայուն կերպով տարածում է գտնում ամբողջ աշխարհում՝ Նոր Զելանդիայից մինչև Գերմանիա։ Դրա ջատագովները նշում են, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա ընթացքում կավելանա աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը, կբարելավվի նրանց հոգեկան առողջությունը, պայքար կընթանա կլիմայի փոփոխության դեմ։
Կուսակցությունն առաջարկել է ծրագրին մասնակցող ընկերությունների համար նվազեցնել ռիսկը։ Առաջին տարին պետությունը կծածկի ընկերության կրած կորուստներն ամբողջությամբ, երկրորդ տարին՝ 50 տոկոսով, իսկ երրորդ տարին՝ 33 տոկոսով։
Կարծիքներ