Փաշինյանի նախկին վարորդը՝ խաղատներում պարտվելու մասին
Երեկ Armday.am լրատվականում լույս է տեսել «Ինչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել» «Շանգրի Լա» խաղատանը» վերտառությամբ նյութը, որում լրագրողը, հղում անելով իրենց տեղեկություններին, պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից Արթուր Ղուկասյանը,որը մինչ իշխանափոխությունը Նիկոլ Փաշինյանի վարորդն էր, իսկ հիմա աշխատում է կառավարական ամառանոցում, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հաճախակի է եղել «Շանգրի-Լա» խաղատանը։ Նյութում նաև ասվում է, որ Փաշինյանի թիմակիցը խաղատանը հսկայական կանխիկ գումար է պարտվել, խոսքը շուրջ 7-10 հազար դոլարի մասին է, այնուհետև նա փորձել է խաբեությամբ վերադարձնել պարտված գումարը, ինչի հետևանքով հայտնվել է խաղատան սև ցուցակում։ Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Freenews.am»-ը կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին վարորդ Արթուր Ղուկասյանի հետ, որը հայտնեց, որ խաղատներ այցելել է, սակայն հերքեց լուրը, թե այդքան մեծ գումարներ է երբևէ խաղացել ու պարտվել․«Բնականաբար 10․000 դոլարի մասին տեղեկությունը բացարձակ սուտ է, սակայն, ինչպես բազմաթիվ իմ հասակակիցներ, այնպես էլ ես ու ընկերներս 2012 թվականից սկսած բազմիցս այցելել ենք Հայաստանի տարբեր խաղատներ, այդ թվում և «Շանգրի Լա»։ Ղուկասյանի պնդմամբ այցելուների սև ցուցակում հայտնվելու մասին տեղեկատվությունը մասամբ է համապատասխանում իրականությանը․ «Տվյալ խաղատանը որոշակի խնդիր եղել է, բայց ես և իմ ընկերները երբեք չենք խաղացել այդ չափի գումարների հետ։ Մեզ համար խաղատունը ժամանց է եղել, որտեղ անց ենք կացրել ժամանակ և խաղացել հաճույքի համար՝ չնչին գումարների շրջանակներում: Ուզում եմ նշել, որ նախկինում հայտնի բարքերն ինձ վրա կարել չի լինի,-նշեց Ղուկասյանն ու պնդեց, որ դիմելու է դատարան և պահանջելու է հերքել տվյալ հրապարակման մեջ առկա իր բարի համբավն արատավորող տեղեկատվությունը։
Կարծիքներ