Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր
Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:
Նա ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից:
«Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա սպառնալիքի տակ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից: Քաղաքական լուծում պետք է գտնել, այլ ոչ թե դիմել զենքի օգնությանը, որը կբերի նոր ցեղասպանության, բայց Ադրբեջանի կողմից դա հստակ մերժվում է, և մենք պայքարում ենք դրա դեմ: Տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ է հայերի դեմ: Եվ չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո: Դա հնարավոր չէ: Եվ սա պետք է հստակ լինի բոլոր կողմերի համար»,- շեշտել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:
Կարծիքներ